Մեղադրանքերի հետ ես համաձայն չեմ, դրանք ինձ համար նույնիսկ ծիծաղելի են։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում գերեվարված 62 շիրակցիների հրամանատար, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը:
Փոխգնդապետը մանրամասներ հայտնեց այդ օրերից․
«Դեկտեմբերի 9-ից սկսած՝ տվյալ տարածքում հակառակոդի կողմից մեծաքանակ ուժերով տեղաբաշխումներ են կատարվել, որի մասին ես վերադաս հրամանատարությանը բջջային հեռախոսակապով, բայց մեծ դժվարությամբ տեղեկացրել եմ: Դեկտեմբերի 11-ին տեղեկություն ստացանք, որ մեր ձախ հատվածում հակառակորդի կողմից տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ունենք վիրավորներ: Փորձել ենք տվյալ անձնակազմին տարածքից տարհանել, վիրավորներին ցուցաբերվել է բժշկական օգնություն: Այդ ամենն արվել է շատ ուշացումով, մեծ դժվարությամբ, քանի որ տեղանքը անանցանելի էր, բոլոր գործողությունները կատարվել են ոտքով։ Դեկտեմբերի 13-ին տվյալ հատվածի վրա տեղի ունեցավ բացահայտ հարձակում: Վերադասի կողմից այդպիսի ինֆորմացիա չի տրամադրվել, նաև՝ հակառակորդի գտնվելու վայրի, նրա տեղաբաշխման, սպառազինության, ուղղակի, զուտ՝ մարտական հերթապահություն իրականացնել և վերջ: Մեզ միջոցներ չեն հատկացվել, իսկ դեկտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման ժամանակ, երբ ունեինք երկու վիրավոր, վերջացել էր զինամթերքը և հնարավոր չէր տարածքը պահել, քանի որ 12-15 անգամ գերազանցող ուժեր էին, փորձել ենք կատարել մարտավարական հնարք՝ ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնել և օգնություն խնդրել, որպեսի մեր դիրքը, գուղերը չհանձնենք. ոչ մի օգնություն չի եղել, մնացել ենք մենակ»,- պատմեց նա:
Yerevan.Today-ի հարցին՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր, փոխգնդապետը պատասախանեց, որ, թեև, մեղավորներ կան, բայց անուններ չի ցանկանում բարձրաձայնել:
Հարցին, թե հնարավո՞ր է` կազմակերպված է եղել այդ գյուղերը հանձնելը, Ղազարյանը պատասխանեց, որ չի բացառվում։
Հիշեցնենք՝ Արսեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, որոնցից են՝ հրաման չկատարել, զենգ գործադրելուց հրաժարվել, մարտական դիրքերը թողնել և այլն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը